Լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՆԵՐՍԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԸ մոտենում է կյանքի 9-րդ տասնամյակին։ Եվ շարունակում է իր բեղմնավոր ու տքնաջան գործը` պահպանել մայրենի լեզվի անաղարտությունը։ Գիտնականի հետ մեր զրույցն ուշագրավ շատ հարցերի պատասխաններ է տալիս։
«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՍԵՊԱԳԻՐ ԼԵԶՈՒՆԵՐԸ ԴԵՌ ՉԷԻՆ ՎԵՐԾԱՆՎԱԾ»
-Դուք ճշգրտումներ եք կատարել մեծանուն Հրաչյա Աճառյանի հեղինակած հանրահայտ «Արմատական բառարանում»։ Խոսենք դրա շուրջ։
-Եթե անկեղծ լինեմ, ապա դա մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է։ Հայերենը համեմատվել է քսան լեզուների բառապաշարի հետ։ Շատ լեզուներում` աղվաներենում, ալաներենում կամ պամիրյան լեզուներում զուգահեռներ կան հայերենի հետ։ Ահա մի քանի բառ՝ տակավին, տուն, աղջիկ։
-Պարոն Մկրտչյան, Դուք, ինչ խոսք, հիմնարար աշխատանք եք կատարում, բայց ինչպե՞ս են որոշ բաներ վրիպել նշանավոր լեզվաբանի հայացքից։ Գուցե պարզապես չի՞ հասցրել։
-Անկասկած։ Այն ժամանակ սեպագիր լեզուները դեռ չէին վերծանված, և Աճառյանը հասցրել է ընդամենը երկու տասնյակ բառեր նկատել։ Ինձ հաջողվեց հայտնաբերել 100 բառ աքքադերենում և շումերերենում, նույն հայերենի արտասանությամբ։ Այնինչ Աճառյանն ասում էր` զարմանալի է, հայերենը հնդեվրոպական լեզու է, սակայն ոչ մի հնդեվրոպական գործիքի անուն չկա հայերենում։ Այդ գործիքներն աքքադերենում նույնությամբ կան, օրինակ՝ կացին, հուլունք, քլունգ, արոր և այլն։
-Անկեղծ ասած, զարմանալի է նման բան լսելը։
-Կարևորը` ուսանելի է։ Աքքադացիները զուրկ էին հանքային հարստություններից, բրոնզ ստանալու համար բարձրանում էին դեպի հյուսիս, այսինքն` Հայաստան։ Նրանք հայկական լեռնաշխարհում ֆակտորիաներ էին հիմնում, դրանց հսկողության համար էլ հիմնում էին զորակայաններ։ Այսինքն, բավականին սերտ էին հայերի և աքքադացիների շփումները։ Ի դեպ, աքքադացի անվանում ենք ժողովրդին, բայց նրանց երկիրը Ասորեստանն է, նրանց լեզուն աքքադերենն է։
-Այսինքն, եթե զորքով էին գալիս և ֆակտորիաներ էին հիմնում, ուրեմն շահագործո՞ւմ էին մեր փառապանծ նախնիներին։
-Բնականաբար, քանզի հզոր պետություն էր, և մեր լեռնաշխարհը շրջափակման էր ենթարկում։ Մի խոսքով, ես, որ ժամանակին խեթերեն էի սովորել, սկսեցի աքքադերենն ուսումնասիրել։ Եվ, խնդրեմ, հայտնաբերեցի 400 բառ, որոնք թե՛ հայերենում, թե՛ աքքադերենում նույնն էին հնչմամբ և արտասանությամբ։ Հրապարակեցի այդ ամենը, «Հայերենի օրինաչափություններից շեղվող բառերն աքքադերեն փոխառությունների լույսի տակ»։ Այն ուղղված էր ակադեմիկոս Ջահուկյանի դեմ, որովհետև նա այդ բոլոր բառերը ենթադրել էր եվրոպական արմատներից և սեփական սխալը փրկելու համար իմ հաջորդ հոդվածն արգելեց տպել «Պատմաբանասիրական հանդեսում»։
-Մենամարտի հրավիրեիք։ Լավ, ինչո՞ւ էր նա դեմ Ձեր աշխատությանը։
-Իբրև թե ինքն էլ էր զբաղվել աքքադերեն բառերով։ Դիմում գրեցի հանդեսին, սակայն նա հանդեսի խմբագրական խորհրդի անդամ էր և դիմումիս ընթացք չտրվեց։ Դա 1969-ին էր։
«ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ ՉԷՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԳՐԱՎՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
-Անդրադառնանք Ձեր վերջին աշխատությանը։
-Մեր գիտնական այրերը, Աճառյանը, Ջահուկյանը, համոզված էին, որ հայերը աստիճանաբար Եվրոպայից են Հայաստան եկել, պաշտպանելով հույների արմատապես սխալ տեսակետը, թե բոլոր ազգերը Եվրոպայից են տարածվել։ Այս տեսակետն են պաշտպանել նաև Հյուբշմանն ու մյուս գիտնականները։ Այնինչ հնագույն ժամանակներից հայերը եղել են Հայկական լեռնաշխարհում, ավելին, այնտեղից են սփռվել աշխարհով մեկ։ Ահա նման թյուրըմբռնումները շտկելուն է նվիրված իմ վերջին աշխատությունը՝ «Հայերենի ոչհնդեվրոպական բառապաշարը»։
-Որքա՞ն է ծավալը։
-Մոտ 600 էջ, բայց ով պիտի ֆինանսավորի դրա հրատարակումը, ասել չեմ կարող։
-Պարոն Մկրտչյան, թող մեր զրույցն առիթ հանդիսանա, որ անհատ բարերարները և պատկան կառույցները նախանձախնդիր լինեն այդ հարցում և տպագրության հանձնեն այդ հիմնարար գործը։ Այժմ ասեք, խնդրում եմ, արդյոք ծանո՞թ եք, թե ինչ վիճակում է գտնվում հայերենը մեր կրթօջախներում։
-Իհարկե ծանոթ եմ։
-Ե՞վ...
-Եվ խայտառակ վիճակում է։ Մի քանի օր առաջ հրավիրված էի մանկավարժական համալսարան՝ նիստի, այնտեղ աշխատում եմ որպես խորհրդական։ Ավարտական քննության ժամանակ 98 հոգուց միայն չորսն էր գերազանց գնահատականի արժանացել։ Մի տասը-տասներկու հոգի բավարար և լավ էին ստացել, մնացածը՝ վատ։ Սարսափելի է, անգամ չեն կարողացել գրաբար տեքստը թարգմանել, ավարտական կուրսի ուսանողը չի տարբերում ուղիղ խնդիրն ու ենթական։
-Պարոն Մկրտչյան, հաճախ են ոչ մասնագիտական միջավայրում անմիջական առնչություններ գտնում շումերերենի և հայերենի միջև։ Ի՞նչ է ասում այս մասին լեզվաբանությունը։
-Սեպագիր լեզուները շումերական սկիզբ են, կավե սալիկների վրա են նրանք գրել։ Հետո ձուլվել են աքքադերենին, և սեպագրությունը, արդեն աքքադացիների միջոցով, անցել է մյուս ժողովուրդներին, ասենք ուրարտացիներին և պարսիկներին։ Բնական է, որ սեպագրության միջոցով շումերական և աքքադական շատ բառեր են փոխանցվել մյուս արևելյան ժողովուրդներին, նաև, իհարկե, հայերենին։
-Այսպիսով մենք շումերների հետնորդը չենք և կապ չունենք նրանց հետ։
-Ազգակացկան կապ՝ ոչ, լեզվական կապը ստեղծվել է սեպագրության միջոցով։ Ի դեպ, սեպագրությունն իշխում էր շատ լեզուներում մինչև Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը։ Մակեդոնացին շատ խելացի էր գործում, նա չէր ոչնչացնում գրավված ժողովուրդների իշխանությունները, ավելին, իրավունք էր վերապահում շարունակելու իրենց իշխանությունը՝ միայն հունական գրի և դպրության գերակայությամբ։
-Մակեդոնացին, այսպիսով, գլոբալիզմ էր տարածում։
-Գուցե, սակայն չմոռանանք, որ սեպագրության համեմատ հունարենն առաջադեմ երևույթ էր։ Եվ ընդունվում էր առանց մեծ դիմադրության։
-Մեր ազգային սնափառության մեծագույն խթան Տիգրան Մեծի արքունիքում ի՞նչ լեզվով են խոսել։
-Արքայից արքայի արքունիքում հելլենիզմն էր իշխում։
-Տիգրանակերտը, որքան տեղյակ եմ, ընկավ հույների դավադրությամբ։ Քաղաքի պարետը հույն էր, առասպել է, թե իրականություն, սակայն հայտնի է, որ Տիգրանակերտը պահպանող վարձկանները երկու տարի աշխատավարձ չէին ստացել։ Եվ բացեցին բերդաքաղաքի դարպասները։
-Այնուամենայնիվ, տարբեր լեզուների համար հաղորդակցության միջոց էին հունարենը կամ ասորերենը, հետագայում արաբերենը։ Սա չմոռանանք։
«ՄԵՐ ՓՈԽԱՌԱԾ ԲԱՌԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՅՈԹ ՀԱԶԱՐ Է»
-Անդրադառնանք սուրբ Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի սխրագործությանը։
-Նրանք գիտուն մարդիկ էին, քաջ գիտակցում էին, որ ազգը կարող է ձուլվել, եթե սեփական գիրն ու լեզուն չունենա։ Կա՛մ պարսկանալու, կա՛մ հույն և ասորի էինք դառնալու։ Եվ նրանք նախ թարգմանեցին Սուրբ գիրքը։
Աստվածաշունչը թարգմանելու ժամանակ Մաշտոցն ու նրա աշակերտներն օգտվել են հունարենից և ասորերենից։ Այդ ժամանակ հսկայական քանակությամբ ասորերեն, հունարեն և եբրայերեն բառեր մտան մեր գրականության մեջ։
-Մեր լեզվի գլխավոր արժանիքը, ըստ Ձեզ, ո՞րն է։
-Հիմնական արժանիքն այն է, որ այբուբենի ստեղծումից հետո հսկայական քանակությամբ գրավոր արժեքներ ստեղծվեցին։ Այդ գրական արժեքները, ձեռագիր մատյանները, անընդհատ նորոգվելով, հայ ժողովրդին մատուցեցին շատ արժեքավոր բառապաշար, ուր կային և՛ աքքադերեն, և՛ շումերերեն բազմաթիվ բառեր, ինչը միանգամայն նորմալ երևույթ է։ Տեղեկացնեմ, որ իտալերենն ունի շուրջ 2300 փոխառություն, ֆրանսերենը՝ 3000 փոխառյալ բառ, անգլերենը՝ ոչ պակաս քանակությամբ բառեր։ Մեր փոխառած բառերի քանակը ավելի քան յոթ հազար է։ Վերցրել ենք չունեցած բառերը և հաջողությամբ մարսել ենք դրանք։ Մի բան է կարևոր. մեր լեզվի քերականությունը չի աղավաղվել։
-Բարի, մեզնից ի՞նչ բառեր են անցել օտարներին։
-Լավաշն են վերցրել, մածունը, ՍվՌչՈ-ն, որը մեր «կնիկ» բառից է և այլն։
-Կարծիքս մեր «կնիկների» մասին արմատապես փոխվեց դեպի լավը։ Սակայն հարցս այլ է, ինչպե՞ս զատել բուն հայկազյան բառերը փոխառյալ բառերից։
-Բառը պիտի բացատրվի այն լեզվով, որտեղ ստեղծված է։ Այսինքն, բուն հայկական բառերը Հայաստանում ստեղծվածներն են։ Բառեր կան, որոնք հայերենով չեն բացատրվում, պարզ է, որ վերցված բառեր են։ Օրինակ` «սար» բառը իրանական լեզուներում նշանակում է բարձունք, գլուխ, կամ «հեսան»-ը, որը իրանական լեզուներում սրիչ է նշանակում և այսօր էլ գործածվում է և՛ տաջիկերենում, և՛ պամիրյան լեզուներում։ Բայց չանտեսեմ Ձեր հարցը։ Օրինակ, «օթոցը» հնդեվրոպական լեզուներից եկող բառ է, մեզ համար շատ հարազատ դարձած, ցավոք, սակավ գործածելի։
-Կներեք, «պատգամավորը» արդյո՞ք հայեցի բառ է։
-Բնավ։ «Պատ» ածանցով սկսվող բառերը իրանական ծագում ունեն։
-Իսկ, դարձյալ ներողություն, «իշխանավոր» բա՞ռը։
-Խեթերենից է գալիս, նրանք ասում են՝ օ՜, իշտար, իմ տեր, իմ իշխան։ Նաև կա Իշթար հեթանոսական աստվածը։
-«Ընդդիմություն» բառը...
-Հայակերտ բառ է։ Ընդ-ը մեր նախածանցներից է, իսկ ահա դեմ-ը հայերեն չէ։
-Լավ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան չունի՞ միջոցներ Ձեր գիրքը տպագրելու համար։
-Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ինձ մի օր ասաց. «Ներսես ջան, հասակիդ պատճառով քեզ ազատում ենք աշխատանքից, սակայն պայմանագրով քեզ կվճարենք»։ Եվ դուրս գրեց 100 հազար դրամ, նրանից վիրավորված չեմ, հնարավորություններն են սուղ։ Բայց խոստացավ, որ գիրքը կներկայացնի ակադեմիայի նախագահի ուշադրությանը, և այն կմտցվի հրատարակվելիք գրքերի ցանկում։
-Մաղթում եմ Ձեզ առողջություն, նորանոր և բեղմնավոր փնտրտուք հայերենի անբավ անձավներում և գրքի հրատարակումը մոտ ապագայում։
-Շնորհակալ եմ, հարգանքս փոխանցեք Ձեր թերթին և խմբագրին։
Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ